Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: 56, 62, 69 կգ քաշային կարգերում երկրի չեմպիոններ են հռչակվել Լևոն Մանուկյանը (210 կգ), Սմբատ Մարգարյանը (252 կգ), Վանիկ Ավետիսյանը (315 կգ): 77 կգ քաշային կարգում անգերազանցելի է մնացել Անդրանիկ Կարապետյանը (333 կգ): 85-ում հաղթել է Աղասի Աղասյանը (340 կգ), 94-ում՝ Միքայել Միքայելյանը (338 կգ), 105-ում՝ Սիմոն Մարտիրոսյանը (375 կգ): Գերծանր քաշային կարգում մրցահարթակ են ելել այսօրվա դրությամբ Հայաստանում ամենաուժեղների համարում ունեցող Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանն ու Հայկ Հակոբյանը: Տևական դադարից հետո մրցահարթակ ելած Ռուբեն Ալեքսանյանն առավել հաջողակ էր ու տեղ է գրավել պատվանդանի վերին հարթակին՝ 406 կգ: Նրան մեկ կիլոգրամով է զիջել Գոռ Մինասյանը: Հայկ Հակոբյանի ցույց տված արդյունքն է 400 կիլոգրամ:
Մեծ մրցահարթակում տևական բացակայությունից հետո մեր անվանիներից առաջնությանը մասնակցել են նաև Տիգրան Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանը (77 կգ քաշային կարգ): Տիգրանը մասնակցել է միայն պոկում վարժությանն ու ցույց տվել 155 կգ արդյունք: Ինչ վերաբերում է Արայի բարձրացրած կիլոգրամներին, դրանք համահունչ էին մարզումները նոր-նոր սկսած մարզիկի արդյունքին:
Տղամարդկանց առաջնությանը զուգընթաց մրցել են նաև կանայք: Ըստ քաշային կարգերի, հաղթողներ են դարձել Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը, Քրիստինե Պետրոսյանը, Իզաբելա Յայլյանը, Մելինե Դալուզյանը, Սոնա Պողոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը: Արդյունքներն ավելի քան համեստ են եղել:
Բնականաբար առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք սահմանափակ թվով մարզիկներով, որովհետև միջազգային այս հեղինակավոր մրցահարթակում ներկայացնելիք կիլոգրամներ առանձնապես չունենք, բացի այդ, հասկանալի պատճառներով, եղածներից ոչ բոլորը մասնակցելու իրավունք ունեն: Սա մեր օրերի հայկական ծանրամարտի աննախանձելի վիճակն է, մարզաձև, որ բոլորիս համատեղ ուժերով հայտնվել է փոսում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ